
Հայ-ֆրանսիական բարեկամության մի նոր օղակ ձեւավորվեց. այս անգամ՝ Մասիս համայնքի եւ ֆրանսիական Էքս Ան Պրովանս քաղաքների միջեւ. նրանք հռչակվեցին քույր քաղաքներ: Նախաձեռնությունը Էքս Ան Պրովանսի քաղաքային իշխանությանն էր, որի հրավերով դեռեւս անցյալ տարի Մասիսի համայնքապետ Դավիթ Համարձումյանի գլխավորած պատվիրակությանն այցելեց Էքս Ան Պրովանս: Այնուհետեւ, ֆրանսիական Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուր ռեգիոնի փոխնախագահ, Էքս-ան-Պրովանս քաղաքի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մասիս, ծանոթացավ համայնքին, եղավ հոգեւոր կենտրոններում, եկեղեցիներում:

Սեպտեմբերին Մասիսի պատվիրակությունը՝ համայնքապետ Դավիթ համբարձումյանի գլխավորությամբ, կրկին Էքս Ան Պրովանսում էր. այս անգամ երկու քաղաքները պաշտոնապես ճանաչվեցին քույր քաղաքներ. նրանց միջև ստորագրվեց հարաբերությունների ամրապնդման նամակ, որով կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնում զարգացնել բարեկամական հարաբերություններ։
Մասիսի պատվիրակությունը ներկա եղավ նաեւ Էքս Ան Պրովանսում հայկական մշակութային օրերի եւ Շարլ Ազնավուրի հուշարձանի բացման արարողություններին: Հարկ է նշել, որ ինչպես ֆրանսիական մյուս քաղաքներում, այնպես էլ՝ էքս Ան Պրովանսում հայկական շունչը նկատելի է ամենուր:
Մասիս համայնքի և ֆրանսիական Էքս-ան-Պրովանս քաղաքի միջև ստորագրված հարաբերությունների ամրապնդման նամակով կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնում զարգացնել բարեկամական հարաբերություններ երկու տեղական իշխանությունների և մեր քաղաքացիների միջև։

Հարաբերությունների ամրապնդման այս նամակը կլրացվի տեղական իշխանությունների կողմից արձանագրված համաձայնագրով, որում մանրամասն կներկայացվեն համատեղ գործողությունների հիմնական թեմաները։
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը հանդիպեց նաեւ Էքս Ան Պրովանսի հայկական համայնքի հետ: Հանդպումն անցավ ջերմ մթնոլորտում:
