Կ.Մարքսը կանխատեսում էր, որ ապագայում կվերանան բոլոր կրոնները

Կ.Մարքսը կանխատեսում էր, որ ապագայում կվերանան բոլոր կրոնները: Մի կողմ թողնենք, թե իր դարաշրջանում ինչպիսի նախադրյալներ էին կանխորոշում այդպիսի եզրահանգումները, մանավանդ, որ ներկա գլոբալիզմի պայմաններում՝ նույն ձգտումների նախադրյալները արդեն այլ են:
Մեծ հաշվով, զարգացումների վեկտորը փաստում է, որ տարբեր կրոնական ուղղություններից, թերևս, ամենահետևողական կերպով թիրախավորվում է հենց քրիստոնեությունը և այդ ուսմունքը դավանող հեմամատաբար զորեղ ցանցային կառույցները: Փարիզում կայացած օլիմպիադայի բացման արարողությունը գուցե մի 5 տոկոսով առնչություն ուներ սպորտի հետ, սակայն մնացած ողջ հատվածը զուտ քրիստոնեական արժեքների նսեմացման ու ծաղրի տեսարաններ էին, ինչը բնավ եզակի չէ: Հնարավոր լիներ, ավելին կանեին: Ընդ որում, գոնե այս շրջափուլում առնվազն իրատեսական չէ նույնաբնույթ արշավներ նախաձեռնելն իսլամիզմի դեմ, ավելին՝ սոցցանցերը հեղեղված են քրիստոնյաների դավանափոխության սրտաճմլիկ, գայթակղիչ քարոզչական նյութերով:
Հստակ ուրվագծվում է, որ այս հակաբնական գլոբալ շարժումները բնավ ուղղված չեն սոսկ քրիստոնեության դեմ, հաջողություն գրանցելու դեպքում, ինչին չեմ ուզում հավատալ, էլ ավելի եռանդով հարձակվելու են կրոնական բոլոր այլ ուղղությունների և աղանդների վրա, չեն խնայելու:
Աստված պահապան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Վահափառ Տիրոջը և բոլոր հոգևոր հայրերին …
 Գեւորգ Դանիելյան