Տարիքի հետ ուղեղն ավելի խոցելի է դառնում թթվածնի պակասի նկատմամբ

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ տարիքի հետ ուղեղը հատկապես խոցելի է դառնում թթվածնի սովի նկատմամբ, նույնիսկ եթե դրա մակարդակը մի փոքր նվազում է: Աշխատանքը հրապարակվել է Aging-US ամսագրում:

Արյունաուղեղային պատնեշը հատուկ պաշտպանություն է, որը կանխում է արյունից վնասակար նյութերի ներթափանցումը ուղեղ: Այն օգնում է պահպանել նեյրոնների համար մաքուր և անվտանգ միջավայր:

Հետազոտողները ուսումնասիրել են, թե ինչպես է թթվածնի պակասը (հիպօքսիա) ազդում այս պատնեշի վիճակի վրա տարբեր տարիքի մկների մոտ՝ երիտասարդից մինչև տարեց (2-ից 23 ամսական, ինչը մոտավորապես համարժեք է 20-ից 70 տարեկան մարդկանց):

Նույնիսկ թթվածնի աննշան նվազման դեպքում (մինչև 15%), տարեց մկները սկսել են խնդիրներ ունենալ ուղեղի պաշտպանության հետ կապված: Երիտասարդ կենդանիների մոտ նման փոփոխություններ են ի հայտ եկել միայն 13% մակարդակում: Խնդիրները 4-6 անգամ ավելի ուժեղ էին ամենատարեց կենդանիների մոտ, քան երիտասարդների մոտ: Այնուամենայնիվ, նույնիսկ միջին տարիքի մկները (մարդկանց մոտ համարժեք է 40-50 տարեկանի) արդեն իսկ ցուցաբերել են թթվածնի պակասի նկատմամբ զգայունության բարձրացում:

Պարզվել է նաև, որ տարեց կենդանիների մոտ ուղեղում բորբոքման աճ է նկատվել, որը Ալցհայմերի նման հիվանդությունների հիմնական առանձնահատկությունն է։

Սա հաստատում է, որ տարիքի հետ ուղեղն ավելի խոցելի է դառնում նույնիսկ թեթև թթվածնային սովի նկատմամբ։ Հետևաբար, շնչառական կամ սրտանոթային հիվանդություններով տարեց մարդիկ ավելի հակված են տառապելու հիշողության և ճանաչողական անկումից։

Հեղինակները նշել են, որ կարևոր է ստեղծել նոր մեթոդներ տարեց մարդկանց ուղեղը պաշտպանելու համար, հատկապես նրանց, ովքեր տառապում են քրոնիկ հիվանդություններից կամ հաճախ թթվածնի պակաս են զգում։