Սուրճը նպաստում է կանանց առողջության պահպանմանը ծերության ժամանակ․․․

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճի չափավոր օգտագործումը միջին տարիքում կապված է կանանց առողջ ծերանալու ավելի մեծ հավանականության հետ։ Այս մասին տեղեկացրել է American Society for Nutrition-ը (ASN)։

Հետազոտությանը մասնակցել են 47 513 կանայք Nurses’ Health Study մասշտաբային նախագծից։ Նրանց սննդակարգին, կենսակերպին եւ առողջական վիճակին հետեւել են 1984-ից ի վեր։ Առողջ ծերացում ասելով նկատի է առնվել 70 տարեկան հասնելը՝ առանց լուրջ քրոնիկական հիվանդությունների, պահպանված կոգնիտիվ գործառույթով, հիշողությամբ, մտավոր եւ ֆիզիկական առողջությամբ։

«Թեեւ նախորդ ուսումնասիրությունները սուրճը կապել են առողջության որոշակի ասպեկտների հետ, մերն առաջինն է, որը գնահատում է դրա ազդեցությունը ծերացման բազմաթիվ ոլորտների վրա երեք տասնամյակի ընթացքում»,- նշել է Հարվարդի պոստդոկտորանտ եւ Տորոնտոյի  համալսարանի դոցենտ, ուսումնասիրության հեղինակ Սառա Մահդավին։

Պարզվել է, որ կանայք, որոնք օրական խմել են միջինը երեք փոքր բաժակ սուրճ (մոտ 315 միլիգրամ կոֆեին), ավելի հավանական է, որ առողջ լինեին ծերության տարիներին: Օրական յուրաքանչյուր լրացուցիչ բաժակ սուրճը 2-5 տոկոսով՝ մինչեւ հինգ բաժակ ներառյալ, մեծացրել է «առողջ ծերանալու» հավանականությունը:

Հետաքրքիր է, որ նմանատիպ օգուտներ չեն նկատվել կոֆեին չպարունակող թեյի կամ սուրճի դեպքում: Ի տարբերություն դրա՝ քաղցր գազավորված ըմպելիքների, ինչպիսին է կոլան, օգտագործումը կապված է եղել առողջ ծերացման 20-26 տոկոսով ցածր հավանականության հետ, չնայած դրանցում կոֆեինի պարունակությանը:

Գիտնականներն ընդգծել են, որ սուրճի չափավոր օգտագործումն անվտանգ եւ պոտենցիալ օգտակար սովորություն է, մանավանդ երբ այն համակցվում է ակտիվ կենսակերպի, առողջ սննդակարգի եւ ծխելուց հրաժարվելու հետ: Սակայն նրանք զգուշացնում են կոֆեինի չափից շատ օգտագործման մասին, քանի որ անհատական ​​յուրացվելիությունը կարող է խիստ տարբեր լինել:

«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ոչ միայն կոֆեինը, այլեւ սուրճն է, որը կարող է դրական ազդեցություն ունենալ ծերացման վրա։ Մենք պլանավորում ենք հետագա ուսումնասիրություններ իրականացնել՝ հասկանալու համար, թե սուրճի մեջ պարունակվող որ նյութերն են ներգրավված այս գործընթացներում եւ ինչպես են դրանք փոխազդում գենետիկական գործոնների հետ»,- եզրափակել է Մահդավին։