Հյուսիսային Կորեան հիմնովին խզել է տրանսպորտային հաղորդակցությունները Հարավային Կորեայի հետ

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունից տեղեկացրել են, որ Հյուսիսային Կորեան լիովին դադարեցրել է մեքենաների եւ երկաթուղային կապը Հարավային Կորեայի հետ Կորեական թերակղզու արեւելքում եւ արեւմուտքում, հարավային հարեւանի հետ տարածքային բաժանման քաղաքականության շրջանակում։

Նրա տեղեկացմամբ՝ Կորեական ժողովրդական բանակի Գլխավոր շտաբը մեքենաների եւ երկաթուղային հաղորդակցության ֆիզիկական խզման միջոցներ է ձեռնարկել Հարավային Կորեայի հետ։

Հոկտեմբերի 15-ին պայթեցվել էին 60 մետր երկարությամբ ճանապարհահատվածներ Քանվոնդո նահանգի Կամխո գյուղում երկրի արեւելքում եւ Թոնե գյուղում արեւմուտքում։ Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել է, որ այս որոշումն ընդունվել է սահմանադրության պահանջներին եւ ռազմաքաղաքական «իրավիճակին համապատասխան, որը հասնում է պատերազմի եզրագծին» Կորեական թերակղզում, «թշնամական ուժերի» սադրանքների պատճառով։ Հողի եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարությունում հաստատել են, որ ճանապարհների պայթեցումը բացասական ազդեցություն չի գործել շրջակա միջավայրի վրա։ Իշխանությունները նշել են, որ պայթեցման հետեւանքով տրանսպորտային հաղորդակցությունները «հիմնավորապես խզվել են»։