Առանց հոգեկանին վնաս պատճառելու՝ սրամթֆոնից կարելի է օգտվել օրական երեք ժամ

Սմարթֆոնի օգտագործումն առանց առողջությանը եւ հոգեկանին վնաս պատճառելու՝ հնարավոր է օրական երեք ժամից ոչ ավելի, նշել է ավստրալացի նեյրոկենսաբան Թի Ջեյ Փաուերը։ Այս մասին նա նշել է HuffPost-ի հարցազրույցում։

Գիտնականի խոսքով՝ գաջեթների չարաշահումն ուղեղը ծանրաբեռնում է դոֆամինով։ Այդ նեյրոհաղորդիչը պատասխանատու է մոտիվացիայի, հաճույքի եւ բավարարվածության զգացման համար: Մասնագետը պարզաբանել է, որ ամեն անգամ, երբ մարդը ծանուցում է ստանում, «պտտվում» է լրահոսում կամ խաղում բջջային խաղ, ուղեղն արտադրում է այդ քիմիական միացությունը։ Սա կարճաժամկետ հաճույքի զգացում է ստեղծում, սակայն մշտական ​​խթանման դեպքում դոֆամինի կարգավորման համակարգը սկսում է «գերտաքանալ»։

«Ես անձամբ փորձում եմ օրական երեք ժամից ոչ ավելի ծախսել հեռախոսի վրա, եւ ես բավական խստորեն հետեւում եմ այդ կանոնին»,- ասել է Փաուերը:

Միաժամանակ, մասնագետն ընդգծել է, որ նշված նորմն  ունիվերսալ չէ։ Նա խորհուրդ է տվել չկառչել էկրանի ժամանակը հաշվելուց, այլ կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես է սմարթֆոնն ազդում կյանքի որակի վրա։

«Եթե էկրանը սպառում է ձեր էներգիան, խլում ձեր ուշադրությունը կամ փոխարինում է կենդանի հաղորդակցությանը, դուք պետք է վերանայեք ձեր վարքագիծը»,- բացատրել է նեյրոկենսաբանը:

Երեխաները, դեռահասները եւ երիտասարդները հատկապես խոցելի են սմարթֆոնների «գերդոզավորման» նկատմամբ, ավելացրել է գիտնականը: Նրանք ավելի հավանական է, որ խնդիրներ ունենան ինքնագնահատականի, սոցիալական հմտությունների եւ սովորելու հետ կապված, ասել է նա: Մեծահասակներն ավելի քիչ ընկալունակ են, բայց կարող են նաեւ ապատիա, դյուրագրգռություն եւ հաղորդակցման դժվարություններ ունենալ: