«Մտադրությունների մասին» հռչակագիր են ստորագրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոնն իրենց համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեցին, որ երկու երկրները ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր։ Այս փաստաթուղթը նոր խթան է տալիս Հայաստան–Ֆրանսիա հարաբերություններին՝ նախատեսելով ավելի խոր և բազմակողմ համագործակցություն:

Հռչակագիրը նախատեսում է ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, կազմակերպել պարբերական խորհրդակցություններ, ինչպես նաև ամրապնդել կապը դիվանագիտական ներկայացուցչությունների միջև։ Միրզոյանը նշել է, որ Ֆրանսիան շարունակում է կարևոր աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ հատկապես Եվրոպական միության հետ գործընկերության խորացման գործընթացում։

Հայաստանի նախարարը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի սկզբունքային դիրքորոշումը՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման հետ՝ ընդգծելով, որ դա մեծ նշանակություն ունի ողջ տարածաշրջանի կայունության և խաղաղության համար։ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը վճռական է խաղաղության օրակարգի նկատմամբ և պատրաստ է արագացնել բանակցային գործընթացը՝ պայմանագրի ստորագրման ժամկետն ու վայրը որոշելու ուղղությամբ։

Նախարարը նաև անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ չնայած առկա դժվարություններին, Հայաստանը շարունակում է կառուցողական քայլեր իրականացնել՝ հանուն կայուն և խաղաղ տարածաշրջանի։