Քաղցր գազավորված ըմպելիքը կրճատում է կյանքի տեւողությունը

Մեկ շիշ քաղցր գազավորված ըմպելիքը կարող է կրճատել կյանքի տեւողությունը միջինը 12 րոպեով: Այս մասին իսպանական 20minutos պարբերականի հարցազրույցում ասել է դեղագործ Ալվարո Ֆերնանդեսը։

Ֆերնանդեսի խոսքով՝ այս եզրակացության են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները։ Նրանց ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր հաճախ են օգտագործում նման ըմպելիքներ, 2-րդ տեսակի շաքարային դիաբետի,  ճարպակալման եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ավելի մեծ ռիսկի են ենթակա:

Մասնագետը բացատրել է, որ գազավորված ըմպելիքի  չարաշահման ամենավտանգավոր հետեւանքը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է։ Այս պաթոլոգիան ենթադրում է ինսուլինի կտրուկ թռիչք՝ խանգարելով նյութափոխանակությանը եւ մարմնում քրոնիկ բորբոքում առաջացնելով։ Սա իր հերթին կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Ֆերնանդեսը նաեւ հիշեցրել է արհեստական ​​հավելումների՝ գունավորիչների եւ կոնսերվանտների վտանգի մասին։ Այս բաղադրիչները կարող են խաթարել աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը, թուլացնել իմունային համակարգը եւ վատթարացնել ընդհանուր առողջությունը: Փորձագետը կոչ է արել սահմանափակել քաղցր ըմպելիքների օգտագործումը եւ ընտրել ջուր կամ այլ այլընտրանքներ, որոնք այնքան էլ ագրեսիվ չեն օրգանիզմի համար։