Իսրայելի վարչապետ Նեթանյահուն եւ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույցից հետո սկսել են միմյան հասցեին մեղադրական հայտարարություններ անել:
Ելիսեյան պալատի գաղտնի աղբյուրը Ֆրանսպրես գործակալությանը փոխանցել է, որ Մակրոնը փակ հանդիպման ժամանակ ասել է.«Պարոն Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ-ի որոշմամբ: Հետևաբար, այժմ ժամանակը չէ անտեսելու ՄԱԿ-ի որոշումները»: Նա նկատի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1947 թվականի նոյեմբերին ընդունված բանաձևը՝ Պաղեստինը հրեական և արաբական պետությունների բաժանելու ծրագրի վերաբերյալ:
Սրան ի պատասխան Իսրայելի վարչապետը հայտարարել է.«Ֆրանսիայի նախագահին հիշեցնում եմ. Իսրայել պետությունը ստեղծվել է ոչ թե ՄԱԿ-ի բանաձևով, այլ հաղթանակով, որը ձեռք է բերվել Անկախության պատերազմում հերոս մարտիկների արյան միջոցով, որոնցից շատերը վերապրել են Հոլոքոստը, այդ թվում՝ Ֆրանսիայի Վիշիի ռեժիմից»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւում ասվում է, որ Լիբանանի հարավում պետք է տեղակայվեն միայն Լիբանանի բանակը եւ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը:
Սակայն, սա հաշվի չառնելով, Նեթանյահուն կիրակի ՄԱԿ-ին կոչ է արել դուրս բերել 10,000 հոգանոց խաղաղապահ ուժերը, ներառյալ 700 ֆրանսիացի զինվորականները, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում «վնասակար ճանապարհից»՝ ասելով, որ Հեզբոլլահը դրանք օգտագործում է որպես «մարդկային վահան»:
