Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր․ Ալեն Սիմոնյան

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հարցով համաձայնության հասնելու շեմին են, Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք լիովին համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ», – ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սիմոնյանը:

«Եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր», – հայտարարել է ԱԺ նախագահը: