«ՏԱՎՈՒՇ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ԴԱՐՁԱՎ ՔՊ-Ի «ՖԻԼԻԱԼ»

Եվ այսպես, կայացավ «Տավուշ հայրենակցական միություն» հասարակական կազմակերպության հոբելյանական՝ 10-րդ համագումարը, որը միության նախագահ ընտրեց ՔՊ վարչության անդամ, Վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանին: Թեեւ մամուլը գրեց, որ վերջինս կապ չունի Տավուշի հետ, քանի որ ապրում է Կոտայքի մարզում, սակայն, դա այդպես չէ: Ռոմանոս Պետրոսյանը Տավուշի Չինարի գյուղում է ծնվել, մանկությունն այստեղ է անցել: Հետո ընտանիքը տեղափոխվել է Աբովյան: Ռոմանոս Պետրոսյանն հիմա էլ հաճախ է գնում ծննդավայր, հանդիպում համագյուղացիների հետ, սեղան նստում, աղուհաց կիսում:
Սակայն, նրա՝ այս հ/կ-ի նախագահ ընտրվելը բավականին խնդրահարույց ու մտահոգիչ է:

Այս հայրանակցական միությունն իր երկարամյա գործունեության մեջ առաջին անգամ կուսակցականացվեց: «Տավուշ հայրենակցական միությունը» առաջին հայրենակցական միությունն է, որը գրանցվել 1988 թվականին: Թշնամու հետ 185 կմ երկարությամբ սահման ունեցող Տավուշը իր ինքնապաշտպանության համար ինքնակազմակերպվում էր 90-ականների սահմանային պատերազմների ժամանակ: Տավուշի ոտ 20 գյուղ գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ եւ մինչեւ կանոնավոր բանակի ստեղծումը այս միությունն էր կազմակերպում գյուղերի ինքնապաշտպանությունը, զենք ու զրահ հայթայթում, գնում:  Դրանից հետո էլ «Տավուշ հայրենակցական միության» կապը միշտ ամուր է եղել տարածաշրջանը պաշտպանող զորամասերի   հետ: Բանակի կազմավորման վաղ փուլում  դիրքեր պահող զինվորներին ապահովել են սնունդով, կենցաղային  տարրական պայմաններով: Հետագայում կառույցը ավելի շատ կրթամշակութային գործունեություն էր ծավալում:

«Տավուշ հայրենակցական միության» այս համագումարն ավելի շատ հիշեցրել է ՔՊ նիստ: Կազմակերպության հնաբնակներից շատերը չկային: Փոխարենը հիացական ժպիտը դեմքին   ներկա է ՔՊ-ական պատգամավոր Լուլուն՝ Լուսինե Բադալյանը: նախկին մարզպետ, ՔՊ-ական Հայկ Չոբանյանը, տարբեր տրամաչափի մարզային եւ պետական պաշտոնյաներ, վարչապետի խորհրդական Վահագն Դումանյանը, Տավուշի փոխմարզպետը: Մի խոսքով՝ իսկական ՔՊ նիստ:

Հիշենք, թե Փաշինյանն ու իր թիմակիցներից շատերը ինչպես էին ժամանակին քննադատում, որ ԲՈՒՀ-երը կուսակցականացված են: Իսկ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանն իր նախարարության տարիներին հայտարարում էր, որ պայքարում են բուհերի, տարբեր հաստատությունների խորհուրդների ՀՀԿ-ացման դեմ: Սակայն, իրենց իշխանության օրոք նույն խորհուրդները անխնա ՔՊ-ացվեցին, ՀՀԿ-ականները փոխարինվեցին ՔՊ կուսակցության եւ գործող իշխանության ներկայացուցիչներով, իսկ ԵՊՀ-ն մղվեց քաղաքական, կուսակցական, հիմա էլ համայնքային դաշտ: Այսօր նրա գիտական նիստերի դահլիճում հայրենակցական միության համագումար է տեղի ունենում:  ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Երիտիշախանականները կուսակցականացրին գրեթե բոլոր ԲՈՒՀ-երը, հիմա անցել են հայրենակցական միություններին:

Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Խորհրդի անդամներն իրենց ելույթներում ներկայացրել են

վերջին 5 տարիներին արված աշխատանքներն՝ ի բարօրություն Տավուշ աշխարհի։ Նախանշվել են նաև հետագա անելիքները։

Միության բազմոլորտ հանձնաժողովներն սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել տարածաշրջանի խնդիրների վերհանման ու բարձրաձայնման ուղղությամբ։ Խնդիրները մեկտեղելու և ռեսուրսները համախմբելու այս ժամանակաշրջանում հնարավոր դարձավ հասկանալ առաջնահերթությունները, մշակվեցին և  իրականացվեցին մի շարք նախագծեր։ Թարմ ուժերի համախմբումը թույլ տվեց միությունը առաջին իսկ պահից դարձնել տավուշյան հարթակ՝ մեծացնելով անդամների, համակիրների թիվը։ Իրականացվեց հսկայական մարդկային ռեսուրսի հավաքագրում՝ այդ ներուժն ի նպաստ Տավուշի ծառայեցնելու նպատակով։ Այսօր նաև այստեղ ենք մեր սկսած աշխատանքներն ավարտելու, նորերը միասին կյանքի կոչելու համար»։

Իսկ իր ելույթում ասել է.

«Անելու եմ անհնարին թվացողը, որպեսզի ՏԱՎՈՒՇ հայրենակցական միության 5-րդ ՆԱԽԱԳԱՀԻ կարգավիճակում՝ համատեղ ջանքով և թիմային փոխգործակցության շնորհիվ կարողանանք կյանքի կոչել բոլոր այն նախանշված ծրագրերն ու տեսլականը, որը միավորել է մեզ բոլորիս և դարձել հետագա մի քանի տարիների՝ մեր Միության ՏԱՎՈՒՇԱԿԵՆՏՐՈՆ գործունեության ՈՒՂԵՆԻՇԸ. Հանուն ՏԱՎՈՒՇ աշխարհի: Մենք չենք հաջողի այս առաքելության մեջ, եթե գործունեության հիմքում չդրվի հանրային գործունեության համար անհրաժեշտ ու կարևորագույն սկզբունքներից մեկը՝ ԹԻՄԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ: Անհրաժեշտ է արձանագրել, որ ՏԱՎՈՒՇ Հայրենակցական միությունն ազդարարում է բավականին հավակնոտ և բեկումնային գործունեության նոր շրջանի մեկնարկի մասին»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ բանալի բառը « ԹԻՄԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ» է…

Միության նորաթուխները որեւէ սրտացավ խոսք չասացին հինգ տարում, ավելի ստույգ՝ վերջին տարում Տավուշից թշնամուն հանձնված կարեւորագուն ռազմավարական կետերի. դիրքերի , սահմանների՝ թշնամուն հանձնելու մասին: Չասացին, որովհետեւ դա արվել է իրենց քաղաքկան ԹԻՄի ձեռքով ու իրենց բոլոր թիմակիցների լուռ համաձայնությամբ: Այս քաղաքական թիմի ներկայացուցիչներով համալրված կառույցը,  ինչպե՞ս է հավակնում լինել 1988-ին ստեղծված հայրենակցական միության բարոյական, գործնական իրավահաջորդը, շարունակողը, երբ   կառույցի հիմնադիրների շնորհիվ պաշտպանված գյուղերը, սահմանները, դիրքերը իրենք հեշտությամբ զիջում են թշնամուն եւ համարում, որ դրանք էն գլխից էլ մերը չեն եղել…

Նաիրա Վանյան