Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նյու Յորքում (ԱՄՆ) մասնակցել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամն է փոխանցել մասնակիցներին:
Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարձր գնահատանքն է տվել տիար Պերճ Սեդրակյանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանվիրումի ոգով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հավատարմությամբ քսաներկու տարիներ նախանձախնդրորեն գործել է իբրև ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատվո նախագահի նոր հանգամանքով պետք է շարունակի իր նվիրյալ ծառայությունը բերել Միությանն ու հայ ժողովրդին։
Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակությամբ է ընդգծել նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգօգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդությունն ի նպաստ Բարեգործականի առաքելության արգասավորման։
ՀԲԸՄ նախագահությունը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը տվել է տիար Սեմ Սիմոնյանին։
Նորին Սրբությունը մտահոգությամբ անդրադարձել է նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներին, իսկ վերջում «Պահպանիչ» աղոթքով օրհնել է Միության Հոգաբարձուների խորհրդի և կենտրոնական վարչության անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրյալի զորակցությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն իր պատվական առաքելության և օրհնյալ ծառայության ճանապարհին։
