Մայիսի 3-ին մշակութային երկխոսության օր էր Մասիսում. համայնքը հյուրընկալել էր նիդերլանդական «Կռունկ» համույթին, որը շրջագայությամբ գտնվում է Հայաստանում։
Ողջունելով հյուրերին` Մասիս համայնքի ղեկավարի օգնական Ռ. Հովհաննիսյանը կարևորեց նմանօրինակ շփում-ծանոթությունը, որը էական է մշակութային երկխոսության տեսանկյունից և վստահեցրեց, որ Մասիս համայնքի երաժշտական դպրոցների ուսուցիչները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ցուցաբերել մասնագիտական աջակցություն։
Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գ. Բաղդասարյանը նույնպես անդրադարձավ այս յուրօրինակ այցին ու հույս հայտնեց, որ հանդիպում-համերգը խթան կհանդիսանա հետագա համագործակցության համար։
Համույթը, որը կազմված է տարբեր մասնագիտությունների տեր անձանցից, սիրով ու ոգևորությամբ կատարեց մեծանուն հայ հայտնիների (Սայաթ-Նովա, Կոմիտաս, Խաչատուր Ավետիսյան, Կարա Մուրզա…) ստեղծագործությունները։
Հյուրերին գեղեցիկ անակնկալ մատուցեցին նաև Մասիս համայնքի երաժշտական դպրոցների սաներն ու նրանց ուսուցիչները, ինչպես նաև համայնքի այլ երաժշտախմբեր ու անհատ կատարողներ։
Համերգի ավարտին համույթի երաժշտական ղեկավար Ինգրիդ վան Ռոոյը և նիդերլանդահայ Լուսինե Բունիաթովան, ով մեծապես աջակցում է խմբին` հայկական երգերը սովորելու, հայկական մշակույթին ծանոթանալու գործում, շնորհակալություն հայտնեցին ջերմ ու ոգևորիչ ընդունելության համար և վստահեցրին, որ իրենց հետ տանում են գեղեցիկ տպավորություններ, մասիսցիների սերն ու ջերմությունը։ Օրն ամփոփվեց Մասիս համայնքի երաժշտական դպրոցների սաների և նիդերլանդական «Կռունկ» համույթի համատեղ կատարումով։

