Քաղաքական «էքսկուրսիա» բռնազավթված Բերձոր՝ Լաչին

Ըստ ադրբեջանական մամուլի, ապրիլի 29-ին երկրի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքագետներ, դիտորդներ և լրագրողներ  այցելել են «Լաչին» քաղաք՝ հայկական Բերձոր։ Միջոցառումը կազմակերպվել էր Ալիեւի աշխատակազմի կողմից։

Արցախը բռնազավթելուց հետո Ադրբեջանը պետական մակարդակով կազմակերպում է նման այցելություններ հայկական քաղաքներ ու տեսարժան վայրեր:

Հրապարակումներում նշվում է. «Նախկինում նմանատիպ այցելություններ կազմակերպվել էին Աղդամ (2021 թվականի մարտի 17), երկու անգամ՝ Շուշա (2021 թվականի հոկտեմբերի 7 և 2022 թվականի հունիսի 15), Զանգիլան (2022 թվականի հունիսի 24), ինչպես նաև Ասկերան, Խոջալու և Խանքենդի (2025 թվականի մարտի 6): Շուշի կատարած այցելություններից մեկի ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները մասնակցել են «Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշնակցային հարաբերությունները՝ Կովկասի և տարածաշրջանի համար խաղաղության և կայունության աղբյուր» թեմայով միջազգային համաժողովի».- գրում է ադրբեջանական մամուլը, որից գալիս ենք համոզման, որ ազերիները հասցրել են անվանափոխել հայկական Բերձորի փողոցներն ու կառույցները, հաստատությունները անվանափոխել եւ ադրբեջանացնել:

Իսկ իր ելույթում Ալիեւի աշխատակազմի քաղաքական կուսակցությունների և օրենսդիր մարմինների հետ կապերի բաժնի ղեկավար Ադալաթ Վելիևը խոսել է ազգային համերաշխությունից և քաղաքացիական համաձայնության կարևորությունից: