Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը կձեռնադրվի եպիսկոպոս

Ֆրանսիայի հոգեւոր թեմի առաջնորդ Հոգեշնորհ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանը Նոյեմբերի 3-ին՝ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կձեռնադրվի եպիսկոպոս: Հանդիսությանը հրավիրված են հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ թե՛ Ֆրանսիայից, թե՛ Հայաստանից:

Հայր Գրիգոր Խաչատրյանը ծնվել է 1974թ-ին, Սեւանում: Ֆրանսիա տեղափոխվել է 2009թ-ին եւ նշանակվել  Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու հոգևոր տեսուչ։
2010 թվականի հոկտեմբերին նշանակվել է Նիսի և շրջակա համայնքների հոգևոր հովիվ։ 2016 թվականի նոյեմբերին նշանակվել է Ֆրանսիայի թեմի առաջնորդական ընդհանուր փոխանորդ։ 2019 թվականի սեպտեմբերի 13-ին արժանացել է վարդապետական մասնավոր աստիճանի։ 2022թ-ին ընտրվել է թեմի առաջնորդ:

Հարկ է նշել, որ Ֆրանսիայում թեմի առաջնորդը ընտրվում է փակ՝ գաղտնի քվեարկությամբ:
Ֆրանսիայի թեմական կանոնադրության համաձայն՝ թեմում գործում է Պատգամավորական ժողով, որը թեմի բարձրագույն մարմինն է և բաղկացած է աշխարհական և հոգևորական անդամներից։ Պատգամավորական ժողովն ընտրում է Թեմական խորհրդի անդամներին, որը թեմի գործադիր մարմինն է։  Ըստ կանոնադրության, Թեմական խորհուրդը առաջնորդի ընտրությունից երեք ամիս առաջ փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է թեկնածուների եռանուն ցանկ, որը Ամենայն Հայոց Հայրապետի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում է Պատգամավորական ժողովի պատգամավորներին։ Կատարվում է փակ, գաղտնի քվեարկություն։ Ֆրանսիայի հայոց թեմի Պատգամավորական ժողովն ունի 57 պատգամավոր, որոնցից 40–ը՝ աշխարհական, 17-ը՝ հոգևորական։ Թեմակալ առաջնորդն ընտրվում է 7 տարով։ Հայր Գրիգոր Խաչատրյանն ընտրվել է ձայների գերակշիռ առավելությամբ:

Իր ծառայության տարիների ընթացքում Հայր Գրիգոր Խաչատրյանը Ֆրանսիայում ապրող հայերի շրջանում ձեռք է բերել մեծ հարգանք եւ հեղինակություն: «Հայր Գրիգորը ազնվագույն մարդ եւ հայրենասեր, իսկական հոգեւորական է, եկեղեցուն, հավատքին եւ հայապահպանության գաղափարներին նվիրված հայ: Նրա՝ եկեղեցական բարձր կոչումը, կարծում եմ, ավելի կամրապնդի եւ կուժեղացնի մեր եկեղեցքւ դերը ֆրանսահայ համայնքի շրջանում: Շատ ուրախ եմ այդ կոչման համար: Արժանի է»,-  HayPress.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Նիսս քաղաքում ապրող մեր հայրենակից Նուբար Սերոբյանը:

Նաիրա Վանյան