«Նիկոլ Փաշինյանը օդում կախված է, հենք չունի, եւ ամեն բան կարող է շրջվել՝ ՔՊ-ն դառնա ընդդիմություն, իսկ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքը դառնա իշխանություն, մոտավորապես այնպես, ինչպես Գյումրիում»։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:
«ՔՊ-ն ասում է՝ մենք Գյումրիում 36.24% ձայն ենք հավաքել, Աստված տա՝ նույն բանը լինի համապետական ընտրություններում: Գյումրիում իշխանության է եկել Վարդան Ղուկասյանը՝ ընդդիմադիր կոնսոլիդացիայի շնորհիվ։ Այս իրավիճակը կարող է տեղի ունենալ Հայաստանով մեկ։ Այսինքն կարող է պատահի, տեղերը փոխվեն, ձողը պտտվի 180 աստիճանով և Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցք դառնա իշխանություն, իսկ ՔՊ-ն դառնա ընդդիմություն, էլի իրար պահեն:
Մեր նպատակն է այդ հավասարակշռությունը փլուզել, որովհետև որքան վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի հետագա իշխանության գլուխ լինելու հանգամանքը, ոչ պակաս վտանգավոր է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան առանցքի շուրջ ուժերի նորից իշխանության գալու հանգամանքը։ Հետևաբար, այդ առանցքից դուրս գտնվող ուժերը պետք է գտնեն բանաձև, դրա շուրջ համախմբվեն և այդ հավասարակշռությունը խախտեն»,-ասել է նա:
