Օրեր առաջ Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտները փորձել են խաղալ սոցցանցերում տարածված «Կարմիր թե դեղին դուռ» խաղը. աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղեկալ Ելենա Հարությունյանը։
«Աշակերտները փորձել են խաղալ սոցցանցերում տարածված այդ խաղը, ուսուցիչները նկատել են, միջամտել։ Աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ուսուցիչները և բուժքույրն արձագանքել են։ Բժշկական օգնության դիմելու անհրաժեշտություն չի եղել։ Երեխայի ինքնազգացողությունը արագ վերականգնվել է։ Ծնողները ներգրավվել են, հավաստել են, որ երեխան լավ է զգում իրեն։ Ավելին՝ հետո նշել են, որ գուցե երեխան տուրք է տվել երևակայությանը, և իրականում այդքան էլ վատ չի զգացել իրեն»,–ասել է նա։
Հանրակրթության վարչության պետի տեղակալի խոսքով, միջադեպից հետո դպրոցի աշխատակիցները խաղի և դրա բացասական հետևանքների վերաբերյալ զրույց են ունեցել թե՛ աշակերտների, թե նրանց ծնողների հետ։