Վերանայեք ձեր այս վտանգավոր դիրքորոշումը. Արցախի Պահպանության Կոմիտեի կոչը՝ ՀՀ իշխանություններին

Արցախի Պահպանության Կոմիտեի հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման վերաբերյալ ելույթի կապակցությամբ:

Հայտարարությունում ասված է. «2025 թ․ ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունը, ըստ որի «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», Արցախի Պահպանության Կոմիտեն գնահատում է որպես պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում։

Կոմիտեն արձանագրել է, որ նման մոտեցումները լրջորեն վտանգում են ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և պետական շարունակականությունը։ Ղարաբաղյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր, որն ուղղված էր ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմանը և միասնականության ամրապնդմանը։