Ի՞նչ պետք է իմանալ սուրճի մասին

Սուրճը շատերի կյանքի անբաժանելի մասն է կազմում: Հայտնի է, որ Բեթհովենն ամեն օր իր համար սուրճի 60 հատիկով ըմպելիք էր պատրաստում, իսկ Վոլտերն օրական 50 բաժակ սուրճ էր խմում և ապրել է 83 տարի: Ստացվում է, որ սուրճն այդքան էլ վտանգավոր չէ, որքան մարդիկ են կարծում:

Գաղտնիք չէ, որ սուրճն օգնում է հեշտ կենտրոնանալ և արագացնում է մարդու ռեակցիաները: Սակայն հարկ է հիշել, որ նման դրական արդյունքի համար սուրճը պետք է անպայման շաքար պարունակի, քանի որ հենց կոֆեինի ու գլյուկոզայի համադրությունն է ակտիվացնում գլխուղեղի անհրաժեշտ հատվածները: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի խմել սուրճը դատարկ ստամոքսին, քանի որ այդ դեպքում այն հակառակ ազդեցությունն է ունենում:

Գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդ որում՝ օրական որքան շատ սուրճ է խմում մարդը, այնքան ցածր է վաղաժամ մահվան հավանականությունը: Լավագույն տարբերակն օրական երեք բաժակ սուրճն է: Սա պայմանավորված է նրանով, որ սուրճը փոխում է իմունային համակարգի աշխատանքը՝ ակտիվացնելով ու առողջացնելով այն: Բացի այդ, այն բարենպաստ ազդեցություն է ունենում լյարդի ու աղեստամոքսային տրակտի վրա: Սակայն հարկ է հիշել, որ անհրաժեշտ է խմել բնական բարձրորակ սուրճ, քանի որ լուծվող սուրճի մեջ շատ քիչ քանակությամբ օգտակար նյութեր կան, իսկ քիմիական բաղադրիչները բացասաբար են ազդում աղեստամոքսային տրակտի վրա:

Շնորհիվ դոֆամինի ու սերոտոնինի արտադրության՝ այս ըմպելիքն օգնում է ազատվել սթրեսից: Ընդամենը մի բաժակ սուրճը կամ նույնիսկ դրա բույրը կօգնի արագ կողմնորոշվել ու չհուսահատվել սթրեսային իրավիճակներում: Բացի այդ, կոֆեինը կենտրոնական նյարդային համակարգը խթանող ամենատարածված միջոցն է, իսկ այդ խթանումն օգնում է խուսափել դեպրեսիաներից: