Սամվել Կարապետյանի քաղաքական ու տնտեսական ուղերձները Փաշինյանի իշխանությանը

Օրերս Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ կայացավ հերթական բիզնես ֆորումը։ Ռուսաստանի և Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկեցին աշխարհաքաղաքական ու տնտեսական ներկայիս պայմաններում հայկական բիզնեսի մարտահրավերներն ու հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 գործարարներ Հայաստանից և Ռուսաստանից։ Ֆորումի բացման խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ  Սամվել Կարապետյանը։ Նա ընդգծեց, որ հայ գործարարների համախմբվածությունը շարունակում է հանդիսանալ Հայաստանի տնտեսական բարգավաճման հենասյունը։

«Այս անկայուն ժամանակներում հայ գործարարները Ռուսաստանում ոչ միայն ամրապնդում են դիրքերը, այլև աջակցում են հայրենիքին՝ ստեղծելով աշխատատեղեր, ներդրումներ կատարելով կարևոր ոլորտներում, խթանելով հայ-ռուսական տնտեսական կապերը։ Մեր միասնությունն է մեր ուժը»,- նշեց Կարապետյանը։

Քննարկումների առանցքում էր Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարը։ Կարապետյանը շեշտեց, որ ԵԱՏՄ-ն շարունակում է առանցքային դեր ունենալ երկրի տնտեսական կայունության հարցում։ 2024 թ․ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը հասել է 12.7 մլրդ դոլարի, մինչդեռ ԵՄ-ի հետ այն նվազել է 14%-ով՝ կազմելով 2 մլրդ դոլար։

 Կարապետյանը ներկայացրեց այն հետեւանքները, որոնք կարող են լինել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. «ԵԱՏՄ-ից դուրս գալու և ԵՄ-ին միտված կողմնորոշման փորձերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական, այլ նաև ռազմավարական գործոն է, որը պայմանավորում է երկրի ապագան»։

Նա կարեւորեց նաև ռուսական ներդրումների դերը Հայաստանի տնտեսության մեջ՝ նշելով, որ Ռուսաստանը մնում է Հայաստանում խոշորագույն ներդրողը։ Կարապետյանը կոչ արեց ներդրումային կապերը պահպանել և զարգացնել ազգային շահերի վրա հիմնված հաշվարկներով։

Սամվել Կարապետյանն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական մշակութային կապերին. «Մեր ժողովուրդները դարավոր բարեկամության ու արժեքային ընդհանրությունների վրա են կառուցում իրենց հարաբերությունները։ Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական սփյուռքի հիմնական օջախը»։

Եզրափակելով ելույթը՝ Կարապետյանն ամփոփեց՝

«ԵՄ-ի հետ համագործակցությունը կարևոր է, բայց ոչ ԵԱՏՄ-ում կորուստների հաշվին։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ նոր փորձարկումներ։ Մեր որոշումները պետք է լինեն հավասարակշռված, ճշգրիտ ու ժամանակին»։

 Հ/Գ
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մեծ հեղինակություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի տնտեսական ոլորտում: 2006 թվականին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ռուսաստանում Հայաստանի տարվա անցկացմանը, որն անցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանու ներքո։ Կարապետյանը մշտապես հանդես է գալիս ազգային, հայաստանանպաստ տարբեր նախաձեռնություններով: Նրա անունը մշտապես հայտնվում է «Forbes» ամսագրի ամենահարուստ ռուսաստանցի գորարարների ցուցակում: Կարապետյանը լավ հարաբերություններ ունի նաեւ ՌԴ քաղաքական վերնախավի հետ եւ լավ է պատկերացնում Հայաստանի իշխանության աշխարհաքաղաքական քայլերի հետեւանքները եւ ՌԴ իշխանությունների վերաբերմունքը այդ քայլերի նկատմամբ: Հետեւաբար, Սամվել Կարապետյանի այս ելույթը կարող ենք համարել սթափության կոչ` ուղղված փաշինյանական իշխանությանը:
 Նաիրա Վանյան