Իսրայելը ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներին դուրս բերել Լիբանանի սահմանից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը դուրս բերել հարավային Լիբանանից, որտեղ իսրայելական բանակը ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլա» շարժման դեմ։ Այդ գործողությունների հետևանքով վիրավորվել են ՄԱԿ-ի մի քանի խաղաղապահներ։ Շատ երկրներ դատապարտել են Իսրայելին՝ կոչ անելով դադարեցնել խաղաղապահների կյանքը վտանգի տակ դնելը։ Իսրայելը ափսոսանք է հայտնել տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ՝ նշելով, որ զինվորականները հարվածներ են հասցրել «Հեզբոլա»-ի օբյեկտներին, որոնք մոտ են եղել ՄԱԿ-ի դիտորդական կետերին։ Նեթանյահուի խոսքով՝ ՄԱԿ-ի խաղաղապահները, մնալով սահմանի մոտ գտնվող իրենց դիրքերում, վերածվում են «Հեզբոլա»-ի պատանդների։

ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը լիբանանա-իսրայելական սահմանին տեղակայված են 1978 թվականից, և նրանց մանդատը թարմացվում է վեց ամիսը մեկ։