HatPress.am-ը զրուցում է «Դեմոկրատական այլընտրանք »կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ: Հիշեցնենք, որ կուսակցությունը մասնակցել է Գյումրիի ավագանու ընտրություններին, սակայն, անցողիկ շեմը չի հաղթահարել:
Զրույցում Սուրենյանցը ասում էր.«Ընդդիմությունը պետք է ունենա պլան Ա, պլան Բ, քանի որ իշխանությունը Գյումրիի հարցում ձեռքերը ծալած չի նստելու: Օրինակ, եթե Վարդան Ղուկասյանի դեմ հետապնդումներ սանձազերծեն, կամ գնան, օրինակ, ձերբակալության ճանապարհով, ի՞նչ լուծում պետք է գտնել»:
Հարցին՝ եթե կուսակցությունը անցողիկ շեմը հաղթահարեր, իրենց քվեները կտայի՞ն Վարդան Ղուկասյանին, Սուրենյանցը պատասխանեց.
— Ես այն շտապողականությունը չէի ցուցաբերի, ինչը ցուցաբերեցին նախորդ երկու կուսակցությունները: Քարոզարշավին, դրանից առաջ, ես ընդդիմության ավելի կոնսոլիդացման կողմնակից եմ եղել: Ես շատ ժամանակ դիվանագիտական ձեւակերպումներից զերծ եմ մնում եւ իրերը կոչում եմ իրենց անուններով: Ես Գյումրիում երկու բանից շատ ուրախացա, որ ՔՊ-ն պարտվեց եւ, որ հասարակությունը հասկացավ, որ ընտրություններով կարող է բան փոխել: Բայց, հանուն արդարության պետք է ընդունենք, որ Գյումրիում քաղաքական միտքը պարտվել է, եւ հաղթել են երեք կլանները՝ իշխանությունն իր ռեսուրսներով եւ Գյումրվա ազդեցիկ երկու կլանները, որոնց պարագայում կարեւոր չի, թե իրենց ետեւում ինչ կուսակցություններ են, ինչ ծրագրեր են: Այնտեղ գործեց մայլեքի գործոնը: Բոլորը գիտեն, որ Սլաբոդկան Վարդան Ղուկասյանի արեալն է, Թուրքի մայլան եւ Ավզնոցը Մարտուն Գրիգորյանի ազդեցության գոտին է: Այսինքն գործում է կլանային մոտեցումը: Այս առումով բոլորս մտածելու բան ունենք: Այ, դրա համար միանգամից չէի շտապի: Բայց, բնականաբար, կառաջարկեի ընդդիմադիր կոնսոլիդացիայի երեք-չորս տարբերակ: Եթե դա էլ չստացվեր, կգնայի չարյաց փոքրագույնի ետեւից, ինչը այսօր տեղի ունեցավ:
Եկեք մի անկեղծ բան էլ ասեմ: Սովորաբար, քվե որ տալիս ես մարդուն, հետագայում պետք է պատրաստ լինես նրա հետագա գործունեության ու դրա հետեւանքի համար պատասխանատվությւն ստանձնես: Հիմա, եթե հարցնեք, թե լիարժեք վստա՞հ եմ , որ Վարդան Ղուկասյանի գործունեության համար պատասխանատվությունը դրական հետեւանքներ կունենա մեր համար, այդքան վստահ պատասխան տալ չեմ կարող: Բայց, որպես չարյաց փոքրագույն, որ ազատվենք ՔՊ-ից, կարող է այլընտրանք չլիներ: Բայց, վստահ եմ, որ այդ չորս ուժերը կարող են ավելի լավ կոմպրոմիսային տարբերակներ գտնել»
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ
