ԱՄՆ-ում ընտրություններից հետո միշտ մոռանում են հայերին տված խոստումները

HayPress.am-ի զրուցակիցն է  «Կալիֆորնիան կուրիեր» թերթի հրատարակիչ եւ  խմբագիր Հարութ Սասունյանը:

-ԱՄՆ-ի նախագահական ընտրթույուններից առաջ թեկնածուները նորից հիշեցին հայերին ու հայերի խնդիրներy.Դոնալդ Թրամփը ընտրություններից բառացիորեն հաշված օրեր առաջ քննադատեց իր մրցակից Քամալա Հարիսին՝ նրան մեղադրելով Ադրբեջանի՝ Արցախի վրա հարձակման օրերին անգործության համար: Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ Արցախ է գրել: Ինչու՞ հանկարծ երկրի նախկին նախագահը այսպես սրտացավ դարձավ արցախցիների նկատմամբ: Չէ՞ որ իր նախագահության տարիներին ԱՄն-ն Ադրբեջանին զինել է, բնականաբար, ընդդեմ Հայաստանի ու Արցախի:

— Նախ, ասեմ՝ ինչը որ արվում է այս տարի, նորություն չի վերջին երեսուն- քարասուն տարիներին: Որքան որ ես հիշում եմ՝ ամեն չորս տարին մեկ նույն բանը կրկնվում է:

— Նախկինում էլ ցեղասպանության մասին էին խոսում, ցեղասպանության հարցն էին շահարկում:

— Այո, բայց խոստումների տեսակետից նույն հանգերքը  կրկնվում է, նորություն չկա: Բոլոր թեկնածուները միշտ էլ նախքան ընտրությունները դիմում են ամերիկահայերին, ինչպես նաև՝ այլ ամերիկացիներին՝ ապահովելու  իրենց քվեները, որոնցով պետք է իշխանության հասնեն: Նախընտրական շրջանում նրանք  խորհրդականներ ունեն, ովքեր իրենց հուշում են, թե ինչն է, որ հետաքրքրում է ընտրազանգվածին, և ասում են այդ բաները, որոնք մեզ համար սիրելի է, հաճելի է: Այո,  նախկինում ցեղասպանությունն էր, իսկ հիմա արդեն տեսնում են, որ հայերը Արցախով և Հայաստանով են մտահոգ, այդ մասին էլ հայտարարություն են անում: Այս հայտարարություններում կա եւ լավ կողմը, և վատ կողմը: Լավ կողմը այն է, որ  նախագահի թեկնածունները չեն անտեսում ամերիկահայերին և նրանց մտահոգող հարցերին, իրենց բազմազբաղ, ամերիկյան տարածքով մեկ  այցելում են, խոսում են զանազան կարևոր հարցերի մասին, այդտեղ նաև ներառում են ինչ-որ չափով հայկական պահանջները, հայկական հարցերը: Դա լավ կողմն է, որ մեզ չեն մոռացել: Վատ կողմն այն է, որ բոլոր նախընտրական խոստումները մոռացվում են, երբ դառնում են նախագահ: Ոչինչ չեն անում ընտրություններից հետո:  Շատ դժվար է լինում իրենց  մոտենալը եւ խոստումները հիշեցնելը: Իրենք չեն ուզում զբաղվել այսպիսի անկարեւոր հարցերով, կամ դա իրենց շահերին դեմ է: Եւ այդպես,  չորս տարի այդ մարդիկ մնում են նախագահ, միակ բանը որ մենք անցյալում փորձել ենք անել, դա այն է, որ եթե նախագահի թեկնածուն խոստում է տվել և չի հարգել իր խոստումը, հաջորդ անգամ, երբ ցանկանում է վերընտրվել, մենք հիշեցնում ենք իր չկատարած խոստումը: Այդ ժամանակ մենք ասում ենք՝  ոչ, մեկ անգամ մեզ խաբեցիք, դա բավարար է, որ մենք երկորդ անգամ չենք խաբվելու և  քեզ քվե չենք տալո: Դա է միակ միջոցը, որ մենք ունենք, ուրիշ միջոց չունենք, որքան էլ դժգոհենք, բողոքենք, քննադատենք, դա մնում է ձայն բարբառո անապատի: Ինչ վերաբերվում է այս տարվան՝ Հարիսի և Թրամփի միջև, ասեմ, որ Թրամփն այլեւս չի կարող հաջորդ ընտրություններում թեկնածու լինել եւ ընտրվել: Ուստի մենք չենք կարող իրեն հիշեցնել չկատարած խոստումը: Իսկ Հարիսին դեռ կհանդիպենք հաջորդ ընտրություններին, կարող ենք հիշեցնել:

— Այսինքն, Հարիսը անհանգստանալու առիթ կարող է ունենալ, որ իր խոստմանը հետևողական լինի, իսկ Թրամփը ընդհանրապես կարող է իր խոստման հետքերով չգնալ:

— Այո, բայց այնպես չէ, որ Հարիսը գիշերներն անքուն մտածում է հայերի մասին: Բայց, առնվազն, ինքը թեկնածու է լինելու, նորից զգալու է մեր քվեների կարիքը:

Նաիրա Վանյան

Շարունակելի…